«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«1 bio-jetfuel» անունը կրող չինական ավիացիոն կենսավառելիքը լիովին ստացվում է «վերականգնվող պաշարներից»

«1 bio-jetfuel» անունը կրող չինական  ավիացիոն կենսավառելիքը լիովին  ստացվում է «վերականգնվող պաշարներից»
10.04.2015 | 00:35

Այն նորությունը, թե Չինաստանում «Boeing-737» ինքնաթիռը Շանհայից Պեկին քաղաքացիական չվերթ է կատարել կենսավառելիքով, շատ արագորեն արտասովորությունից վերածվեց գիտական լուրջ ճեղքման մասին կարևոր հաղորդագրության։ Եվ բանն այն չէ, որ ինքնաթիռի բաքերում եղել է նոր, ըստ էության, վառելիք (կենսավառելիքով կատարված առաջին թռիչքը տեղի է ունեցել 2012 թ. Կանադայում), այլ այն, թե ինչից է այն ստացված եղել։ Աշխարհում նախկին բոլոր փորձարկումների ժամանակ օգտագործվել է ավանդական կերոսինի և կենսավառելիքի խառնուրդ (այն ստացվում է գյուղատնտեսական մշակաբույսերից, օրինակ, կաղամբազգիների ընտանիքին պատկանող, սննդի համար ոչ պիտանի սորուկից կամ հլածուկից)։ Իսկ «1 bio-jetfuel» անունը կրող չինական ավիացիոն կենսավառելիքը լիովին ստացվում է «վերականգնվող պաշարներից»։ Բուն տեխնոլոգիան, իհարկե, ոչ ոք բացահայտ չի ներկայացնի, բայց հեղինակներն ընդհանուր գծերով պարզաբանել են, որ իրենց վառելիքը բաղկացած է վուշա-կոկոսա-արմավայուղերից, և գլխավորը՝ ձեթի ու կենդանական ճարպի արտադրության թափոններից։ Բացի այդ, եթե առաջ «China Eastern Airlines» ընկերությունը փորձարկումները կատարում էր ավանդական և այլընտրանքային վառելիքների խառնուրդով, ապա այս անգամ մարդատար օդանավը թռել է մաքուր կենսավառելիքներով, առանց որևէ հավելումի։ Վառելիքի փորձնական տեսակը մշակող ընկերությունը՝ չինական նավթի ու քիմիական արտադրության «Sinopec» կորպորացիան, հայտարարել է, որ իր բնութագրերով այն լիովին նման է ավիակերոսինին։ Ինչպես հաղորդում է «Ժենմին ժիբաո» թերթը, ինքնաթիռի հրամանատարի ու երկրորդ օդաչուի ասելով, փորձնական թռիչքի ժամանակ կենսավառելիքն ապահովել է բավարար հզորություն, ինքնաթիռը լիովին կատարել է թեստային ծրագիրը, և ընդգծվում է, որ «85 րոպե օդում գտնվելուց հետո բարեհաջող և փափուկ վայրէջք է կատարել»։ Այնպես որ, հիմա հպարտ չինացիները լիիրավ հայտարարում են, որ իրենք դարձել են չորրորդն աշխարհում (ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ֆինլանդիայից հետո), որն ունի ռեակտիվ շարժիչների կենսավառելիքի սեփական տեխնոլոգիա։ Սրան մնում է ավելացնել, որ արտադրողն ուզում է շուտով սկսել առևտրային օգտագործման վառելիքի արտադրությունը։ «Sinopec» կորպորացիայի ներկայացուցչի ասելով, «ընկերությունը մտադիր է արագացնել նոր վառելիքատեսակի օգտագործման պրոցեսը», որ այդ նպատակով արտոնագիր է տրված, և գլխավորը՝ իրենք ամեն ջանք գործադրելու են առևտրային չվերթերում կենսավառելիքի լայն օգտագործման համար, նպատակ ունենալով կրճատել ածխածինների արտանետումը մթնոլորտ։
Իրոք, այդ նոր գյուտով չինացիները մտադիր են «մի հարվածով» միանգամից մի քանի խնդիր լուծել. խոսքը բնապահպանության, դեֆիցիտ վառելիքի հետ կապված իրադրության, վառելիքի գնի մասին է։ Բայց կա նաև մեկ այլ, Չինաստանի համար օրախնդիր հարց. ի՞նչ անել «բանած», օգտագործված յուղը։ Մի երկրի համար, ուր, փաստորեն, ամբողջ սնունդը պատրաստվում է ձեթով, մինչև վերջերս միանգամայն անպետքության վերածված ձեթաթափոնի հարցը ոչ միայն շատ բարդ էր, այլև երբեմն նաև քրեական։ Վերջերս, օրինակ, ռեստորաններին այդպիսի «կոյուղային յուղ» վաճառելու համար ցմահ բանտարկության դատապարտվեց Ցզյանսուի նահանգի մի բնակիչ։ Խոսքն ուղղակի իմաստով «կոյուղային յուղի» մասին չէ, դա դրա ժարգոնային անվանումն է, այլ «ճարպորսիչից» վերցրած «բանած» ձեթի կրկնական օգտագործման (դա մի պարզ սարք է՝ տեղադրված խոհանոցի և կոյուղու միջև)։ Այդ հարմարանքներն ամբողջ աշխարհում պարտադիր կարգով օգտագործվում են։ Այսինքն, դա ընդունված տեխնիկական նորմատիվ է։ Ընդ որում, «օգտագործման» փոխարեն սննդի պատրաստման համար ճարպերի մնացորդների կրկնական օգտագործումը, որքան էլ ահավոր լինի, ցավոտ հարց է ոչ միայն Չինաստանում։ Բավական է փորփրենք Ինտերնետը, և կպարզվի, որ այդպես են վարվում աշխարհի, ըստ էության, բոլոր երկրների անազնիվ «ձեռնարկատերերը», և դա լավ հայտնի ու շահութաբեր քրեական «բիզնես» է։ Իսկ հիմա Չինաստանում կարողացել են այդ հանցագործությունների դեմն առնել և գտնել թափոնների ավելի հաջող կիրառություն, ընդ որում՝ բավական ձեռնտու բոլորին։
Բայց դառնանք չին գիտնականների ստեղծած վառելիքին, նրա հեռանկարներին և տնտեսական նպատակահարմարությանը։ Հարկ է նկատել, որ Չինաստանը ձեթի խոշորագույն սպառողն է աշխարհում։ Երկրում տարեկան օգտագործվում է 29 մլն տոննա ձեթ, իսկ ծավալներն աճում են ու աճում։ ՈՒստի, մասնագետների կարծիքով, ՉԺՀ-ն մեծ հեռանկարներ ունի օգտագործված բուսական յուղը որպես ավիացիոն վառելիք վերամշակելու ասպարեզում։ Հիմա չինական ավիացիոն արդյունաբերության կարիքների համար տարեկան գնվում է մոտ 20 մլն տոննա վառելիք։ Այնպես որ, վերամշակումը եթե չի էլ լուծում, ապա, հաստատ, մեծապես թեթևացնում է չինական ավիացիայի հոգսը։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան կանխատեսում է, որ 2020 թ. Չինաստանը 30 %-ով կանցնի կենսավառելիքի։
Այդուամենայնիվ, թեև արդեն բավական վաղուց է կենսավառելիքը փորձարկվում և անգամ օգտագործվում աշխարհում, սակայն դեռևս մնում է որպես ամենավիճելի թեմաներից մեկը ավիափոխադրումների զարգացման ասպարեզում։ Որոշ փորձագետներ խիստ հոռետեսորեն են վերաբերվում այն գաղափարին, որ վառելիքը կարող է արտադրվել ոչ թե նավթից, այլ մի ինչ-որ այլ հումքից։ Պետք է նկատել, որ «վառելիքային» գիտական հետազոտություններն զգալի կապիտալ ներդրումներ են պահանջում, և սովորաբար դա էլ է խոչընդոտ դառնում։ Բայց Չինաստանում նման դժվարություններ չեն եղել. այստեղ գործին ձեռնամուխ է եղել պետությունը՝ ներգրավելով աշխարհի խոշորագույն ավիակոնցեռնները, և 2012 թվականից լայնընդգրկուն հարձակում է սկսել ավանդական վառելիքի վրա։ Այնպես որ, «Sinopec» կորպորացիան՝ իր տեխնոլոգիական առաջընթացով, թեև առայժմ Չինաստանի առաջին հիմնարկն է, որ շոշափելի հաջողության է հասել, բայց, անկասկած, վերջինը չէ։
Չինական ավիացիոն կորպորացիան «Boeing»-ի հետ մեկտեղ տեխնոլոգիական կենտրոն է ստեղծել Պեկինում՝ քաղաքացիական ինքնաթիռների գիտահետազոտական ինստիտուտում (ԳՀԻ)։ Կենտրոնն զբաղվում է ավիացիոն էներգամատակարարմամբ և մթնոլորտ կատարվող արտազատումների կրճատմամբ։ Մի շարք համաձայնագրեր են արդեն ստորագրել ԱՄՆ-ի կառավարական գործակալություններն ու Չինաստանի պետական ընկերությունները, այդ թվում խոշոր՝ «Air China»-ն, «Petro China»-ն։ Երեք համատեղ լաբորատորիաներ են բացվել Շանհայում, Ցինդաոյում և Պեկինում, որտեղ հետազոտություններ են կատարվում ավիացիոն տեխնիկայի հետ այլընտրանքային վառելիքատեսակների փոխգործակցության ուղղությամբ։ Չժուհայի ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսում «Airbus»-ը և չինական «ENN Group» էներգետիկ ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, և սկսել են համատեղ աշխատել ջրիմուռներից կենսավառելիք ստանալու տեխնոլոգիայի վրա։ Դրանք կենսավառելիքի արտադրության հումքի ամենաքննարկվող տարբերակներից մեկն են։ Պատճառը բազմանալու ամենամեծ արագությունն է, ջրիմուռներում մեծ քանակությամբ յուղերի պարունակությունը, որոնք կարող են կորզվել, հատուկ ձևով զտվել և վերամշակվել վառելիքի։ Բացի այդ, ջրիմուռների հատուկ աճեցումը չի կրճատում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները։ Հետազոտությունները կատարվում են ENN-ի Հեյբեյի նահանգի գործարանում, որը կառուցվել է հենց ջրիմուռներից կենսավառելիքի արտադրության համար։ Նրա կարողությունն առայժմ կազմում է տարեկան 10 տոննա կենսավառելիք, սակայն երբ այդ վառելիքի արդյունավետությունը լիովին ապացուցվի, կարողությունները կընդլայնվեն։ Արտադրության ավելացմանը համընթաց արտադրանքի գներն էլ կնվազեն։ Սպասվում է, որ այդպիսի կենսավառելիքով փորձնական թռիչք չինական օդանավը կարող է կատարել արդեն այս տարի, իսկ քաղաքացիական ավիացիայում դրա կիրառումը կարող է սկսվել 3-5 տարի հետո։
«Sinopec» կորպորացիան ձեռք բերածով չի բավարարվում։ Նա Չինաստանի կենտրոնական կառավարության աջակցությամբ մշակելու է չինական հումքից արտադրված կենսավառելիքի արտոնագրային նորմեր ու ստանդարտներ։ Արևմտյան ընկերությունները, իրենց հերթին, արտադրանքի տեխնիկական փորձաքննությունն ու արտոնագրումը կատարում են ըստ եվրոպական և ամերիկյան նորմերի։ Աշխատանքի մեջ ներգրավված են նաև շարժիչ արտադրող ընկերությունները։ Բացի այդ, գործընկերները պայմանավորվել են ստեղծել արտադրական շղթա։ Ընդ որում, բոլոր մասնակիցները, սկսած մատակարարներից և վերջացրած հումք արտադրողներով, պետք է գտնվեն Չինաստանի տարածքում։ Արդեն գործարան է կառուցվել Շանհայից ոչ հեռու գտնվող Հանժոու քաղաքում, որտեղ «Sinopec»-ի հատուկ տեխնոլոգիայով կենսավառելիք կարտադրվի, և դա աշխարհի փոքրաթիվ ձեռնարկություններից մեկն է, որն ընդունակ է մեծ ծավալների կենսազանգվածից վառելամթերք տալու։
Ընդհանուր առմամբ երկրում այն կարծիքին են, որ կենսավառելիքը Չինաստանի ապագան է, ընդ որում՝ ոչ միայն ավիացիայի ասպարեզում։ ՉԺՀ-ի կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսավառելիքի արդյունաբերության զարգացման խոշոր ծրագրի իրականացմանը, որը ֆինանսավորվում է պետբյուջեից և մասնավոր անձանց ներդրումներից։ Նախագծի համաձայն, վառելիքային գնդիկների տարեկան արտադրությունը, որն այսօր կազմում է մինչև 50 մլն տոննա, Չինաստանը մտադիր է մինչև 2020 թվականն ավելացնել։ Դրա համար ամեն տարի երկրում կկառուցվի մինչև 30 նոր էլեկտրակայան՝ յուրաքանչյուրը 50 ՄՎտ հզորությամբ, որոնք կաշխատեն կենսավառելիքով։ Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, այդ էներգակրի արտադրության հիմնական հումքը պետք է դառնա էներգետիկ փայտանյութը։ Դա կստանան արագ աճող հատուկ ծառերից, և երկրում զանգվածաբար սկսվել են դրանց տնկման աշխատանքները։ Հաշվարկված է, որ դրանց քանակը կապահովի տարեկան մինչև 350 մլն տոննա փայտանյութային կենսավառելիք։ Վառելիքային գնդիկները նախատեսված են ինչպես ներքին օգտագործման, այնպես էլ ասիական կամ եվրոպական երկրների շուկաներ արտահանման համար։
Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ այլընտրանքային էներգետիկայի ևս մեկ ուղղության այնքան բուռն զարգացում սկսած չինացիները որոշել են լրջորեն ու հիմնավորապես ազատվել խողովակամուղ ածխաջրածիններից երկրի ունեցած կախումից։ Իսկ իրենց այդ ձգտման ճանապարհին նրանք արդի աշխարհի անվիճելի օրենք են դարձնում մի նշանավոր, և մեր կողմից հաճախ օգտագործվող, արտահայտություն. «Երկրագնդի վրա քարի դարն այն պատճառով չավարտվեց, որ քարը վերջացավ»։ Եվ, իհարկե, այն երկրները, որոնք իրենց զարգացման գործում չեն ելնի այս դրույթից, երևի կդառնան մարդկության ապագա զարգացման գործի անհուսալի հետնապահներ։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 18372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ